Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 

 

 

Դյուցազնավեպ

 

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՎԵՊ


ՃՅՈՒՂ ԵՐՐՈՐԴ. ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

Մասն Բ

[էջ 251]

ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈԻԹ
ԴԱՎԹԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ

1

Քանի Դավիթ չէր գնացե կռիվ,
Որբ տղա էր, պահող, ականջ արող չկար.
Որ գնաց կռիվ, էկավ, փոխվավ, լցվավ.
Ով կը տեսներ էնոր խորոտ աչքեր,
Կարմիր էրեսներ, խորոտ քի՛թ-բերան,
Էնոր գլխեն իր խելք կ’էրթար։

Մեկ օր, Ձենով Հովան քնած էր,–
Էնոր կնիկ էլավ,
Շաքարհաց թխեց գողտուկ,
Հավ մորթեց, տապակեց,
Մեղր, կարագ, յոթ տարվա գինին առավ,
Էլավ իր խորոտ-խորոտ շորեր հագավ,
Աչքեր դեղեց, բսկեր էհան,
Խորոտ-խորոտ կոնդուրեք հագավ,
Առավ էդ բաներ, մոմ վառեց,
Էկավ Դավթի սենեկ։
Դավիթն էլ դուռ շինե, քներ է։
Ասաց.— Դա՛վիթ, էլի՛, դուռ բա՛ց։
Դավիթն էլ հարցմունք արավ էնոր մոտեն,
Ասաց.— Դու ո՞վ ես՝ ես դուռ բանամ։
Ասաց.— Քու հրողբոր, Հովանի կնիկն եմ։
Դավիթն էլ էլավ, դառ էբաց.
Հովանի կնիկ էկավ սենեկ, նստավ։

[էջ 252]

— Դավիթ,— ասաց,— ես շուտուց քո կարոտով էի,
Չեմ կարցեր անուշ-անուշ բան շինե,
Պատրաստ էդ էր, քեզ համար բերի։
Բացեց իր բերած, էդիր առջև,
Կուժ մի գինի, մեկ կըթխա,
Էն էլ էդիր առջև Դավթին։
Դավիթ միտք արավ, թե.
«Ինձի մեր չկա, էս իմ մոր տեղն է»։
Շա՛տ շնորհակալ էղավ, ասաց.
— Դու իմ մոր տեղն էիր,
Էսօր ինձի ճանչեցար, էկար իմ մոտ։
Հովանի կնիկ ասաց.
— Դավի՛թ, մատաղ եմ քե,
Սասնա մեջ քո պես կտրիճ՝
Ոչ էղեր է, ոչ կ’ըլնի։–
Դավիթ հաց կերավ, նռան գինին խմեց։—
Է՛, յոթ տարվան գինին,
Դավիթն էլ շա՜տ խմեց։
Խնդացավ, ասաց.— Խմե՛մ,
Էսօր իմ հրողբոր կնիկ պատիվ կանի։
Աղե՛կ մի խմեց, հարբավ,
Գլուխ էդիր վեր բարձին, քնավ.
Էլ չը կարցավ, որ զրուցի։

Հովանի կնիկ Դավթի էրեսներ պագեց,
Ճակատ պագեց, իրիշկեց՝
Դավիթ քներ է, իսկի՛ խաբար չի իր մոտեն։
Էլավ, գնաց տուն, դեռ Հովան քնած։

Մեկ շաբաթ էդպես գնաց, էկավ։
Էն մեկ օր միտք արեց, ասաց.
— Ես էդ յոթ տարվան գինին ինչի՞ կը տանեմ.
Դավիթ կը խմի, պառկի, քնի՛.
Ես էնոր մոտեն ի՞նչ կը հասկանամ։
Էն մեկ օր էլավ մե՛կ տարվան տարավ,
Գինին էլ քիչ տարավ։
Գնաց սենեկ, նստավ։
Էդիր առջև Դավթին։
Դավիթ հաց կերավ, գինին խմեց.
Էլ գինին էնոր գլուխ չը բռնեց, չը քնավ։

[էջ 253]

Հովանի կնիկ նստավ Դավթի գոգ,
Ձեռ քցեց, էնոր վիզ բերի, գրկի.
Արեց, որ Դավթի էրես բերի, պագի,
Դավիթ էնտեղ ըռըկավ, չ’էթող, որ պագի։
Ասաց.— Դու իմ մոր տե՛ղն ես.
Էլի՛, նստի՛ էնտեղ, ես դու զրուցենք։
Ասաց.— Դավի՛թ, ինչի՞,
Ես քո մոր տե՜ղն եմ.
Ես օտար աղջիկ եմ,
Էկեր եմ քո հրողբորն առեր։
Դավիթ ասաց.— Իմ մեր, հրողբոր կնիկ մեկ է.
Էն էլ իմ մոր տեղն է...
Էն ինձի համար քանց լուսն-արեգակն է։
Հովանի կնիկ ասաց.
— Դավի՛թ, դու չես գիտի ես օտար աղջիկ եմ,
Էսքան ժամանակ քո հրողբոր ձեռքին էի,
Հիմի էնոր չեմ ուզի, ըզքե կ’ուզեմ։
Դավիթ մնաց մտածելով.
«Ես հիմի էլնեմ զարնեմ, սպանե՜մ,
Իմ հրողբեր գանգատ տ’անի,
Թե՝ իմ կնիկ սպանեց Դավիթ.
Թե չը սպանե՜մ, էդ կնիկ ինձնե չը դա՛դարի»։
— Հրողբո՛ր կնիկ,— ասա՛ց Դավիթ,
Էլի՛ գնա՛, ես քնեմ.
Չուր վաղ, վաղ քե բան կ’ասեմ։
Խաբեց, էդիր ճամփու։

Առավոտուն շուտ Դավիթ էլավ,
Գնաց վեր աղբրին, լվացվեց,
Նստավ էնտեղ, մտածեց։
Տեսավ՝ Պառավ էնտեղ էրևաց։
Կանչեց.— Պառա՛վ, արի՛ էստեղ։
Ձեռով արավ, Պառավ էկավ։
Հովանի կնիկ ինչ արեր էր,
Ամեն մեկ-մեկ Պառվուն պատմեց։
Ասաց.— Պառա՛վ, իմ մոր տեղն ես, ընդուց կ’ասեմ
Ասաց.— Դավի՛թ, ես էն կնկան մեղք չեմ դընի։
Էն ժամանակ դու պստիկ էիր,
Հիմի էղեր ես քսան տարեկան,
Դեռ ազապ մնացեր ես.

[էջ 254]

Ով զքեց տեսնի, իր խելք կ’էրթա,
Կուզի որ գա, քո ծոց պառկի։
— Է՜, Պառավ, ապա ի՞նչ անեմ,— ասաց Դավիթ
— Ե՛լ, քեց համար կնիկ մի բեր,
Որ էլ կնիկ քե չը նեղի.
Ով կ’իրիշկի քո բոյ-բոսին՝
Էնոր գլխեն իր խելք կ’էրթա։

Մեկ տարի մի վերա անցավ, Ձենով Հովան ասաց.
— Դա՛վիթ, դու զմեզ ազատիր Մելիքի ձեռեն.
Տ’էրթամ, քեզ համար կնի՛կ ուզեմ։

Գնաց Չմշկիկ Սուլթան ուզեց Դավթին։
Չմշկիկն էլ շատ խորոտ փահլևան էր,
Դեռ չէր պսակվե։

Դավիթ, Չմշկիկ Սուլթան
Մատնիքներ իրարու հետ փոխեցին։

2

Դավիթ որ Մըսրա Մելքին հաղթեց,
Ձեն ի ձեն հասավ Կապուտկող,
Կապուտկողի թագավոր Վաչոյ-Մարջոյին,
Էնոր աղջկան՝ Խանդութ խանումին։
Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր,
Խանդութ՝ թե՛ խորոտ էր, թե՛ քաջ էր.
Էնոր սիրունություն աշխարհ բռներ էր։
Շապուհ արքան լսեր էր էնոր ձեն՝
Մարդ ղրկեր, Խանդութին կ’ուզեր։
Ուրիշ քաջ մարդիկ քառսուն հոգով
Իրենց ուժին վստահ,
Էկած են Խանդութին ուզելու։
Էդոր սիրուն կ’ուտեն, կը խմեն,
Որ բալքի հավներ, մեկին առն՛եր։
Համա Խանդաթ՝ Դավթի ձեն լսեր էր,
Իրեն մտքի մեջ կ’ասեր՝
«Իմն որ կա՝ Դավիթն է.
Իմն որ չկա՝ Դավիթն է.
Էդոնք ի՞նչ մարդ են՝ որ ես էդոնցմե առնեմ»։

[էջ 255]

Մեկ օր Խանդաթ նստած էր պատուհան,
Տեսավ իրեք գուսան կ’անցնեն փողոցով։
Կանչեց էնոնց, ասաց.
— Գո՛ւսաններ, մի էկե՛ք էստեղ։—
Հարցուց էդ գուսաններուն.
— Գուսաննե՛ր, օրական դուք ի՞նչ կ’առնեք։
Ասին.— Խա՛նում, գուսանություն է,
Մենք ի՞նչ գիտնանք, որ ասենք.
Օր կա՝ շատ կառնենք, օր կա՝ քիչ.
Օր կա՝ մեկ արծաթ, օր կա՝ էրկու։
Խանդաթ ասաց.— Գո՛ւսաններ,
Դուք էկեք, գնացեք Սասուն.
Քանի օր գնացիք, էկաք,
Օրական ձեզի մեկական արծաթ փող տամ։
Գուսաններ շուտ մի էլան, դարձան,
Ուրախ-ուրախ դեմ ի Սասուն գնացին։
Խանդութ ասաց.— Գո՛ւսաններ, ո՞ւր կ’էրթաք։
Գուսաններ ասին.— Խա՛նում, դու չասի՞ր՝
Էլե՛ք, գնացեք Սասան, էկեք։
Ասաց.— Աստված ձեր տուն քանդի,
Սասուն որ կ’էրթաք, ես բանի կը ճամփեմ,
Հո՛ դատարկ չե՛ք էրթա, գա։
— Խա՛նում,— ասին,– ի՞նչ կ’ասես։
— Գուսաններ,– ասաց,— կ’էրթաք Սասուն.
Կը հարցուք Դավթի սենեկ,
Կ’էրթաք, կը նստեք էնտեղ,
Դավթի առջև ինձի կը գովեք,
Որ էլնի, գա, ինձի առնի՛։
Թե հավնա՜վ ինձի, հավնա՛վ,
Թե չըհավնավ՝ գլուխ քար, էրես պատ,
Էն էլ ինձի պետք չի։

Գուսաններ էլան, գնացին.
Գնացին դեմ ի Սասուն։
Հասան Սասնա քաղաք։
Էդոնց տղաներ կը խաղային։
Գուսաններ տղաներուց հարցուցին,
Թե.– Դավթի սենեկ ո՞ր մեկն է։
Տղաներ մոտեցան էդոնց, ասին.
— Արե՛ք, ձեզի տանենք Դավթի սենեկ։

[էջ 256]

Էնոնք որ մոտիկցան գուսաններուն,
Տեսան՝ մեկ-մեկ փետ կա էդոնց թև,
Էդ փետերի վերան էլ ականջ կա։
Հասան տղաներ, ձեռ քցեցին,
Էդ գուսաններու սազեր բռնեցին։
Ասին, թե.— էդ ի՞նչ տեսակ փետ է.
Ձեռ քսվավ էն մեկ սազի թելին,
Էդ սազի միջեն ձեն էլավ։
— Վա՛յ,— ասին էդ տղաներ,
Ու թափան գուսաններու վերան,
Որ սազեր էնոնց ձեռեն առնեն։
Էնոնք մեկ-մեկի ասին.
— Տըղա՛, էդ փետի միջեն ձեն կ’էլնի,
Մի արի՛, աչկենք, տեսնենք էդ ի՞նչ է.
Քեռի Թորոս տեսավ, էկավ.
Էկավ, էդ տղաներուն բարկացավ.
Իմկնի Սասունա ծռեր,
Էդ գուսա՛ն է, սա՛զ է.

Ձեն կ’էլնի մոտեն, անո՜ւշ-անո՜ւշ։
Դուք իսկի բան չեք տեսե,
Արե՛ք, տանեմ մեր սենեկ,
Էդոնք սազ զարկեն, խաղ ասեն,
Մենք էլ ականջ անենք...
Առա՛վ գուսաններուն, գնաց իր սենեկ։
Հաց բերել էտու, գուսաններ կերան։
— Դե՛,— ասաց,— փշուր մի մեզի դամ արեք,
Մենք էլ մեր ձեռնեն գալած նվեր կը տանք,
Կ’էլնեք, կ’էրթաք ձեր տուն։
Գուսաններ ասին.— Մենք էկեր ենք,
Խանդութ խանում Դավթի համար գովենք։
Քեռի Թորոս ասաց.— Դավիթ ե՛ս եմ,
Դե՛հ, տեսնեմ՝ ինձի համար գովեցեք։
Գուսաններ հանեցին թևերուց սազեր,
Թելներ զըլցուցին, սազեցին,
Դարձան զԽանդութ խանում գովեցին։
Որ գովեցին պրծան,
Քեռի Թորոս հարցուց, ասաց.
— Գո՛ւսաններ, էդ ո՞րտեղ է ձեր գոված Խանդութ։
Գուսաններ ասին.— Կապուտկող է,

[էջ 257]

Վաչոյ-Մարջոյ աղջիկն է։
Քեռին դարձավ տղաներուն, ասաց.
— Զարկե՛ք էդ գուսաններուն։
Էդոնք էկեր են, որ խաբեն,
Մեր էղնիկի սիրտ ավերեն։
Քեռին ձեռաց հասկացավ,
Որ Խանդութ ճամփեր է գուսաններ՝
Դավիթ հասկանա, էրթա իրեն առնի։
Զարկեցին գուսաններուն, սազեր ջարդեցին,
Գուսաններ էլան փախան...

3

Էկան,— քաղքի տակ կամուրջ մի կար,—
Կամրջի գլուխ կայնան, միտք արին, ասին.
«Կ’էլնի՝ մենք Խանդութի ասած չասինք,
Որ մեզի ծեծեցին, զարկեցին։
Չէ՛, աղբեր, Խանդութ մեզի էդպես սովորցուց,
Ապա էդոնք ծո՞ւռ են,
Ինչի՞ մեզի ծեծեցին, զարկեցին»։

Էդ որ գուսաններ կ’ասեին,
Դավիթ Ավագ սարեն որս վեր թևին՝
Կուգար դեմ ի իրենց տուն։
Իրիկուն էր. կամրջի գլուխ կայներ
Գուսաններու ասած ականջ կաներ։
Դավիթ մոտեցավ էնոնց, ասաց.
— Գո՛ւսաններ, էդ ի՞նչ է, որ կասեք։
Գուսաններ ասին.— Մենք գնացինք Սասուն,
Խանդութ Դավթի համար տի գովեինք,
Դավիթ էլավ, Սասունա ծուռ ճժեր
Մեր վերան լարեց, մեր սազեր ջարդեցին,
Մեզի ծեծեցին, քաղքեն հանին...
Մեր հույս վեր են սազերին էր։
Ասաց.– Գո՛ւսաններ, Դավիթ որ կա, ես եմ,
Էն իմ քեռին է էղեր։
Առեք էսա փողեր՝
Գնացեք, ձեր սազեր տվեք շինել,
Ոսկի թել տվեք քաշել վերան,
Բերեք, ինձի համար Խանդութ խանում գովեցեք։

[էջ 258]

Գուսաններ գնացին, սազեր տվին շինել,
Էկան Դավթի սենեկ,
Իրեքն էլ ջոկ-ջոկ խաղ ասին,
Ամեն մեկ՝ մեկ դիր Խանդութ խանում գովեց։

Առաջին դիր էն սիպտակմորուս գուսան
Առավ ձեռ իր դամբուրեն, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.

«Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին*.
Էնոր բոյ գյռլու էղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է,
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։

Էնոր էտևեն էն թուխմորուս գուսան
Առավ ձեռ իր տամբուրեն, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.

«Կ’իրիշկեմ Խանդութ խանում, ձեռ-ոտ կալամով քաշած է՜,
Ա՜խ, հալա տըգո, կալամով քաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր էղնգներ, ռանդայով տաշած է,
Ա՜խ, հալա տըգո, ռանդայով տաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր ծամեր, քառսուն ճուղ ծամ է,
Ա՜խ, հալա տըգո, քառսուն ճուղ ծամ է։
Կ’իրիշկեմ՝ բոյն ու բուսաթ, շատ նման է քաղքի բրջին,
Ա՜խ, հալա տըգո, քաղքի բրջին։
Կ’իրիշկեմ՝ էրեսի կարմրություն, նռան գինի է,
Ա՜խ, հալա տըգո, նռան գինի է.
Կ’իրիշկեմ՝ էնոր ծըծեր մեջ ծոցին,
Քանց Հալապա շաքար քաղցր է,
Ա՜խ, հալա տըգո, քաղցր է»։

--------------------

* Երգ է։

[էջ 259]

Վրա իրեք դիր էն ջահել գուսան
Առավ ձեռ իր սազ, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.

«Ընդրա բոյն ասեմ,
Քառսուն գազ է, լգո՜, մե չափ ավելի*.
Ընդրա աչքի թարթափներ ասեմ, 
Կռնկի թևի նման է, լգո՛, մե չափ ավելի—
Ընդրա սրտի լենք գովեմ,
Յոթը գազ է, լգո՛, մե չափ ավելի.
Ընդրա սիպտկություն ասեմ,
Քանց մեկ օրվա գալած ձուն սիպտակ է, լգո՜, սիպտակ է:
Ընդրա կակղություն ասեմ,
Քանց բամբակի քուլեն կակուղ է, լըգո՜ կակուղ է»:

Դավիթ որ Խանդութ խանումի գովք լսեց,
Էն ինչ գուսաններ իրեք դիր գովեցին,
Առավ ձեռ իր սազ, լարեց, ասաց.

«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։
Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,
Գարնան հեղեղի նման պղտորիք։
Գուսաններ, դուք ինձի հալիք, մաշեցիք,
Դեհ ձեր Խանդութ խանում ինձի քաշեցեք»

Դավիթ որ պրծավ, սազ էդիր գետին, ասաց.
— Գուսաննե՛ր, էդ ո՞րտեղ է Ձեր գոված Խանդութ խանում։
— Կապուտկող է, Վաչոյ-Մարջոյ աղջիկն է:
Ասաց.— Գո՛ւսաններ, կ’էրթաք, կ’ասեք,
Դավիթ ասաց՝ վեց օր կը սպասի,
Յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ։
Իմ ճաշ կ’ուտեմ Ճաժվան,
Խրամենց կը գամ Բանդումահին,

--------------------

* Երգ է։

[էջ 260]

Ընթրիսին կը հասնեմ սեր խանումին։
Հանեց, քանի մի փող էտու նվեր,
Բարով էրթաք ասաց, ճամփու էդիր։
Գուսաններ՝ «Տը՜մբ, տը՜մբ»... սազեր զարկեցին,
Էլան, ընկան ճամփա։

Դավիթ էլավ, գնաց տուն, Հրողբոր կնկան ասաց.
— Իմ շորեր լվա, ես տեղ տ’էրթամ։
Դառավ հրողբորն ասաց.
— Ես Չմշկիկ Սուլթան չե՛մ առնի.
Տ’էրթամ, Խանդութ խանում բերեմ։
Հրողբեր ասաց.— Դա՛վիթ, էս յոթ տարի էղավ,
Քառսուն փահլևան նստած են առջև էնոր դուռ.
Դու էլ կ’էրթաս առջև էնոր պատուհան.
Թե քե նշան էտու, կ’էրթաս.
Թե չէտու, կը դառնաս, կը գաս։

Գուսաններ էկան, հասան Կապուտկող։
Խանդութ խանում պատուհան նստած էր.
Որ տեսավ էնոնց, հարցուց, ասաց.
— Գո՛ւսաններ, գնացի՞ք Սասուն։
Ասին.— Հրամանք ես, խանո՛ւմ։
Աստված էնոնց տուն ավերի,
Էդոնք ամեն ծուռ են։
Գնացինք Դավթի սենեկ,
Քեզի տի գովեինք,
Բռնեցին մեզի ծեծեցին, մեր սազեր ջարդին,
Էկանք քաղքի տակ,—
Էլի աստված կյանք տա էն Դավթին,
Մեր սազեր էտու շինել, ասաց.
«Կերթաք Խանդութին կասեք՝ վեց օր կը սպասի,
Յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ։
Իմ ճաշ կուտեմ Ճաժվան,
Խրամենց կը գամ Բանդումահին,
Ընթրիսին կը հասնեմ սեր խանումին»։

Խանդութ գուսանների փող հաշվեց,
Քանի օր գնացեր, էկեր էին, էտու։
Գուսաններ էլան, գնացին իրենց տուն։

[էջ 261]

4

Դավիթ խոսք տվածին պես,
Վեց օրեն գնաց իր սենեկ,
Սնդուկ էբաց, շորեր հագավ,
Թուր Կեծակին կապեց,
Քուռկիկ Ջալալին քաշեց դուրս,
Սանձ էդի բերան, թամք էդի մեջքին,
Հեծա՛վ, ընկավ ճամփա։
Սասնա մինչև Ճաժվան
Յոթն ավուր ճամփա է,
Ճաժվանա Բանդումահու կամուրջն
Յոթն ավուր ճամփա.
Բանդումահու կամրջից Կապուտկող՝
Յոթն ավուր ճամփա։
Դավիթ իր ձին քշեց.
Չուր ճաշ հասավ Ճաժվան.
Կեսօրին՝ Բանդումահու կամուրջ։
Տեսավ Գործութա գութան
Էկեր է էնտեղ, դաշտ կը վարի։
Յոթ գութան է։
Գութանավոր նստեր են հացի։
Դավիթ էկավ, ասաց.
— Բարի աջողում, գո՛ւթանավոր։
— Աստծու բարին,— ասին,—
Կարիբ աղբեր, դու բարո՛վ էկար.
Նստի, հաց անուշ արա։
Դավիթն ասաց.— Չէ՛, ես կ’էրթամ,
Թող հաց ձեր ճժեր ուտեն։
Ես ուտեմ իրենց բան չի մնա։
Գութանավոր վերուց ասաց.
— Աշխարհ գութանի մոտ կը լիանա։
Դավիթ գնաց արտի կուշտ, ձիուց իջավ,
Սանձ ձիու բերնեն հանեց,
Ձին էնտեղ թողեց,
Գնաց, նստավ, մեջք տվեց սելի ական։
Մեծ մի աման փլավ են բերած,
Բերին դրին Դավթի առաջ.
Էրկու հաց կաներ մեկ պատառ.
Հինգ պատառ զարկեց, փլավի տակն առավ։

[էջ 262]

Յոթ օրվա պաշար
Բերին դրին Դավթի առաջ.
Յոթ գութնի հաց ու ջուր
Բոլոր կերավ, խմեց, մանանա չ’էթող։
Էլավ որ պիտի էրթար,
Գութանավորներ իրար ասին.
— Ի՞նչ անենք, մենք մնացինք անոթի,
Էդ ճամփորդ մեր յոթ օրվա պաշար կերավ.
Վեց օր պիտի էստեղ գութան անենք,
Մեր էտև հաց բերող չկա, ի՞նչպես տ’անենք։
Մենք ճամփենք տուն, պիտի ասեն՝
Կեսօր եք գնացե, ձեր հաց չի պրծե.
Թե որ ասենք՝ հյուր էկե մեկ մարդ, չեն հա՛վատա։
Թ’ասենք՝ գոմեշն է կերե, էլի չեն հա՛վատա։
Դավիթ լսեց, ասաց.— Ի՞նչ տի վարեք։
Ասին.— Այ, էդա դաշտ։
Ասաց.— Դուք էստեղ քիչ մի նստեք,
Ես կ’ելնեմ, էն վեց ավուր գութան
Մեկ ժա՛մվա մեջ կ’անեմ։
Էդ ասելուն Դավիթ էլավ,
Յոթ գութան կապեց իրարուց, ձին նստավ
Ու քաշեց զգութաններ։
Մեկ տաս փաթ գնաց, էկավ,
Դաշտ մի տեղ սևցուց։
Մշակներ ասին.— Էդ քո շնորհք չէ,
Քո ձիո՛ւ շնորհքն է։
Էն ժամանակ Դավիթ իջավ ձիուց,
Դավիթն բնատեն առավ ձեռ,
Ու ինք վարե՜ց, վարե՜ց, արտ պրծավ։
Մշակներ զարմացան, բերաններ մնաց բաց։
Գութանավոր ասաց.— Սասունա Դավիթ որ կասեն,
Չըլնի՞ դու ես, ա՛յ ճամփորդ։
Ասաց.— Ե՛ս եմ, որ կամ։
Ասին.— Դավի՛թ, աշխրքի մեջ՝
Քո պես կտրիճ՝ ոչ էղեր է, ոչ կ’ըլնի,
Որտեղ որ դու էրթաս՝
Քո ոտ քարին չըդիպնի.
Աստված քեզի վատ օր նշանց չը տա։

[էջ 263]

Դավիթ էլավ էդ տեղեն,
Սանձ դրեց ձիու բերան, հեծավ քշեց։
Կապուտկող, ո՞ւր ես... էկա քեզի։

Դավիթ էկավ, տ’անցներ
Չմշկիկ Սուլթանի պատուհանի տակով,
Չմշկիկ Սուլթան տեսավ՝
Էկավ էնոր առաջ, ասաց.
— Դա՛վիթ, արի էրթանք էսօր ինձի հյուր։
Ասաց.— Չէ, ինձի ճամփուց ետ մի գցի։
Ասաց.— Ես գիտեմ, դու Խանդութի համար կերթաս,
Համա Խանդութ իմ ճկութի հավասար չիլնի։
ԶԴավիթ խաբեց, տարավ տուն.
Կերան, խմեցին, էլան քնան։

Լուսուն Դավիթ փոշմնավ իր բռնած բանեն, ասաց,
«Էդ ի՞նչ բան էր՝ ես բռնեցի,
Պիտի մեր ազգ չխաբվեր.
Ես ինչի՞ խաբվա մեկ կնկա ապով»։
Էլավ, ձին քաշեց, հեծավ, քշեց։
Չմըշկիկ Սուլթան ասաց.— Դու կեցի՛. 
Էկար, ինձի խաբեցիր, գնացիր։
Ու հակառ ընկավ հետ Դավթին։

5

Վեց օր որ էկավ անցավ,
Խանդութ խանում առավոտ լուսուն՝
Էլավ, նստավ պատուհան,
Դավթի ճամփան բռնեց։
Մեկ էլ իրիշկեց՝ ինչ տեսնի.
Կրակ մեջ էրկինք, մեջ գետինք կը տա։
Մեկ ձիավոր մի մեջ էրկինք, մեջ գետինք կը գա,
Հազիվհազ կերևա։
Ասաց. «Կա-չկա էս Դավիթն է»:
Դարձավ դռնապանին, ասաց. —
Գորգիզ, հասի, դուռ զարկ.
Գահ է, որ ձիավոր մի հասնի դուռ։
Գորգիզ հասավ, դուռ էզար.
Խոսք դեռ բերանն էր, Դավիթ հասավ վեր դռան,

[էջ 264]

Քշեց, գնաց առջև Խանդութի պատուհան։
Խանդութ խանում՝ որ աչք ընկավ,
ԶԴավիթ տեսավ՝ ուրախացավ.
Ուրախությունե խնձոր մէզար Դավթին։
Դավիթ խնձոր բռնեց վեր ձիուն,
Խնդացավ վեր խնձորին։
Իրիշկեց, տեսավ զԽանդութ
Գուսաններ ինչ գովացեր էին,
Դեռ կեսն էլ չէին ասե։
Ձին քշեց առաջ, տեսավ՝
Մարդու մեկ գուրզ ձեռք կայնե էտև դռան։
Դավիթ միտ վե ասաց.՝
«Ինչ մորե մեկներ եմ, մարդու բարև չեմ տվե..
Թե որ էդոր բարև տամ՝
Տ’էլնի ցավ, ընկնի իմ սիրտ, ինձ տի սպանի։
Թե որ էդոր բարև չը տամ՝
Էդ փահլևան ինձ տի սպանի»։
Ահու բարև էտու, մտավ ներս։
Գորգիզ էնոր բարև առավ։
Դավիթ ասաց.
— Ինչ մորե մեկներ եմ՝
Մարդու բարև չեմ տվե.
Էսօր Գորգիզն եմ տեսե՝
Ահու բարև եմ տվե,
Լգո, ահու բարև եմ տվե։
Գորգիզ ասաց.
— Քառսուն տարի դռնապանություն, եմ արե՝
Մարդու բարև չեմ առե.
Էսօր Դավիթն եմ տեսե՝
Ահու բարևն եմ առե,
Լգո, ահու բարևն եմ առե։
Դավիթ հարցուց էդոր.
— Գորգիզ, էդ ի՞նչ գունդ են դրած քո ձեռք։
Թև էրկնցուց, առեց զգուրզ ու թալեց.
Ու դեռ հալա կերթա՜...
Գորգիզ հարցուց.— Դավիթ, ինչի՞ ես էկե։
Ասաց.— Խանդութ խանումի համար.
Ես ինչպե՞ս տեսնեմ էնոր։
Ասաց.— Ուրբաթե-ուրբաթ Խանդութ խանում
Քառսուն նաժիշտներով կը գա Խաս բախչեն.

[էջ 265]

Էսօր ուրբաթ է, կ’էրթանք էնտեղ, կը տեսնես։
Գորգիզ վերուց ասաց.
— Որ Խանդութ խանում առնես,
Ինձի կանե՞ս քեզի քավոր։
Ասաց.— Կ’անեմ,
Կ’ըլնենք սանհեր Դավիթ, քավոր Գորգիզ։

Դավիթ էլավ գնաց,
Ձիով քշեց Խանդութ խանումի Խաս բախչի մեջ։
Ձին թողեց վարդ, ըռեհաններու մեջ արածի,
Ինք անմահության հավուզի վերան պառկավ։
Արև որ տաքացավ,
Խանդութ խանում քառսուն նաժիշտով էկավ,
Տեսավ Դավիթ կո ձին թողե Խաս բախչի մեջ,
Վարդ, ըռեհաններ կարածի,
Ինք պառկե հավուզի վերան, քնե։
Խանդութ խանում ասաց.
— Էն Դավիթ ինչ անհիմա մարդ է.
Գնա՛ցե՛ք, ասեք, որ էն տեսակ մարդ է,
Թող էլնի, էնտեղեն էրթա։
Մեկ հաց էլ տարեք, թող ուտի,
Նոր ասեք՝ մեր Խանդութ խանում կասի՝
Թող էլնի, էնտեղեն էրթա։

Հաց տարան, դրին առջև Դավթին, Դավիթ կերավ։
Ծառաներ ասին.— Մեր Խանդութ խանում կասի՝
«Թող էլնի, էնտեղեն էրթա։
Էնոր ո՞վ ասե՝ գա,
Ձին թողնի Խա՛ս բախչի մեջ,
Վարդ, ըռեհան ուտի, տրորի, թավալ տա.
Էն էնոր հոր չիմա՞նն է,
Օձն իր պորտով, հավքն իր թևով
Մեր Խաս բախչի վրա չէր իջե.
Էն քա՞նի գլուխ ունի,
Մտնի Խաս բախչի մեջ,
Ձին թողնի էնտեղ արածի։
Ի՜նչ տեսակ անհիմա մարդ է.
Թող էլնի, էնտեղեն էրթա.
Ափսոս է, թե չէ փահլևաններ կը գան,
Էնոր ջոջ պատառ ականջ կը թողնեն»։

[էջ 266]

Դավիթ ասաց.— Ինչի՞ դուք շուտ չէիք ասե,
Քանի ես հաց չէի կերե.
Հաց կերա, պրծա, նոր ասիք։
Որ էդպես է, ես չեմ էրթա.
Ինչ էնոնց ձեռնեն կը գա, թող չըխնայեն։
Գնացին, Խանդութ խանումին ասին՝
— Դավիթ էսպես ասաց։

Էնոնք որ գնացին,
Դավիթ կանչեց Խանդութի ձիապան,
Ասաց.— Իմ ձին թողնեմ ո՞րտեղ։
Էն էլ դարձավ, ասաց.
— Քառսուն փահլևանների ձիանք
Կո գոմն է, դո՛ւ էլ տար։
Դավիթ գոմի դուռ բացեց,
Ձիու սանձ բերնեն էհան,
Քաշեց, էթող էն ձիերու մեջ, ասաց.
— Թե դու էդ ձիեր հաղթեցիր,
Ես էլ էնոնց տերվանք տի հաղթեմ։
Քուռկիկ Ջալալին խրխնջաց,
Էն քառսուն ձիու կեր մոտերուց առավ,
Էտու իրեն դոշի առջև, ճխթեց, կպցուց պատ,
Էնոնց ամենի դարման կերավ։
Ծառաներ խաբար տարան Խանդութին, ասին.
— Ձին իր հունար ծախսեց, մնաց տեր։

6

Ինչ Խանդութ խանում խնձոր էզար Դավթին,
Էն քառսուն փահլևան, որ էնոր համար
Յոթ տարի էնտեղ նստեր էին,
Շատ նեղացան, ասին.
— Մենք յոթ տարի էստեղ ենք,
Մեզի նշան չ’էտու,
Սասնա շաղգամակեր Դավիթ նոր էկավ,
Դեռ չի տեսե՝ խնձոր էզար էնոր վեր ձիուն։
Դավիթ գնաց էդ քառսուն փահլևանի մոտ,
Տեսավ՝ քառսունն էլ նստած, գինի կը խմեն։
Էնոնք ինչպես ճժեր մոտ Դավթին։
Փահլևաններ ինչ Դավթին տեսան,
Ամեն վախեցան, դողացին,

[էջ 267]

Խոսք մեկ արին, ասին.
— ԶԴավիթ հարբեցնենք, սպանենք,
Թե չէ՝ մեր բան զուր է.
Մենք էլ Խանդութի տեղ ըլնինք,
էնոր չենք թողնի, մեզնե մեկին առնի։

Տարան Դավթին, նստեցուցին իրենց մեջ,
Յոթ տարվա նռան գինին դրին՝ խմեն։
Դավիթ ինչ նստավ, էնոնք մեկ-մեկ թաս տվին,
Ասին.— Դավի՛թ, դու բարով ես էկե,
Ա՛ռ, Խանդութ խանումի կենաց խմի։
Ասաց.— Գինու կարաս ինձի նշանց տվեք՝
Էրթամ գինի խմեմ, գամ հաց ուտեմ,
Որ իմ սրտի թոզեր սրբվի.
Էդով մարդու բերան չի թացվի.
Ես ճնճղուկ չեմ, որ ինձի ջուր կուտաք,
Ուղտ գդալով կը ջրվի*։

Էլան մեկ ուր՛իշ թաս բերին,
Էն թա՛սն էլ քանց ջոջ տաշտ էր։
Էն թասով սկսեց խմել։
Դավիթ քեֆովցավ, հարբավ.
Դինին Էնոր վերուց, տարավ,
Էղավ շոխ շաբգան, սըմբուլ գըդական։

Դավիթ որ հարբավ, գլուխ կիջեցներ սրտին,
Նորեն կը բարձրացներ, կը շիտկեր։
Փահլևաններ էդ որ տեսան,
Թրեր քաշին, կայնան,
Ու պիտի խփեն Դավթին։
Գորգիզ դռնից տեսավ, կանչեց.
— Սանհե՛ր Դավիթ, սանհե՛ր Դավիթ,
Ճանճ գլխուդ վերևով կ’անցնի, գլուխ թռու։
Փահլևաններ իրենց թրեր պահին,
Համա Դավիթ բան չէր լսի։
Խանդութ խանում վերուց աչքեց,
Տես՛ավ Դավիթ գլուխ կ’իջեցնի սրտին։
Որ տեսավ, էլավ, գնաց,
Ջվալ մի կաղին բերեց, էդիր էրդիսին,
Էն ժամանակ ինչ Դավթի գլուխ կիջներ ծոցին,

[էջ 268]

Փահլևաններ ինչ թրեր կը հանեին դուրս,
Որ զարկեն, Դավթի վիզ կտրեն,
Խանդութ խանում վերուց կաղին կը թալեր:
Կը դիպներ սինուն, սինին կը զընգար.
Դավիթ գլուխ կը վերուցեր,
Էնոնք թրեր կը պահեին,
Կը սըրսըփային, կը դողային։
Խանդութ էն ջվալ կաղին՝
Մեկ-մեկ թափեց տակ, պրծուց։
Դավիթն էլ լուրջացավ, ծառային ասաց.
— Էլի՛, էսա սուփրեն վերու,
Մեղք է էսա հացեր կոխեն։
Էլավ ձեռ էտու, սուփրեն տի վերուցեր,
Փահլևաններ ասին.— Սուփրեն թող կենա.
Գնացեք, հաց բերեք մեկ էլ ուտենք։ —
Էնպես կանեն, որ թրեր չ’էրևան։—
Դավիթ ասաց.– Սուփրեն վերուցե՛ք։
Ձեռ էտու, վերուց, ասաց.
— Սուփրեն կ’էրթա էտև հացին,
Հաց չ’էրթա էտև սուփրին։
Տեսավ ամեն փահլևանի առջև մեկ թուր տկլորած։
Ասաց.– էդ ի՞նչ է ձեր առջև։
Ասին.— Մեր թրերն են։
Ասաց.— Տվեք տեսնեմ։
Ամեն ժողվեցին, տվին ձեռ։
Դավիթ վերուց, ասաց.
— Էսոնք խորոտ կանգրհան կ’էլնեն,
Գարուն աղջիկներ տանեն, բանջար հանեն։
Ձեռ տվեց, թրեր ամեն ժողվեց,
Էտու ծնկան, կոտրտեց,
Ինչ որ մարդ բուռ մի քիբրիթ կոտրի։
Ծալեց, ծալմլեց, ասաց.— Գորգիզ,
Տար, թալ մեր ձիու խուրջին.
Լավ պողպատ-էրկաթ է,
Իմ ձիուն նալ, բևեռ չկա.
Տանեմ, շինեմ իմ ձիուն նալ, բևեռ։
Մեկ տարի իմ ձիու համար հերիք է։
Փահլևաններ որ էնոր արած տեսան,
Շուտ մի էլա՛ն, փախան սենեկեն դուրս։
Դավիթ կանչեց.— Քավո՛ր Գորգիզ, արի մտնենք ներս,
Տուն մնաց մեզի, բակ մնաց հավերուն։

[էջ 269]

7

Էն փահլևաններու մեջ
Խանդութ խանում Դավթին հավնեցավ,
Ասաց. — Թող Դավիթ գա վեր,
Մեկէլ քառսունին հաց տանեն էնտեղ։
Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։
Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,
Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,
Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,
Թև էթալ վիզ, ճակատ պագեց,
Սիրտ չըհովացավ.
Մեկ էլ՝ էրես պագեց,
Էլի սիրտ չըհովացավ.
Մեկ էլ` ձեռ թալեց, որ սիրտ պագի,
Խանդութ թռունցքի մէզար Դավթի քիթ-բերան։
Ինչ աղբուր ջուր կը թալի,
Էնպես արուն Դավթի բերնեն թալեց։
Ասաց.— Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ.
Դու էն մեկ անգամ իմ ճակատ պագեցիր,
Քո ճամփու խաթրի համար, ինչ դու էկեր էիր.
Էն մեկէլ անգամ, որ իմ էրես պագեցիր,
Քո ջահելության համար, քեզ հալալ էր.
Դու ինչի՞ վրա իրեք դիր իմ սիրտ տի պագնեիր։

Դավիթ ըռըկավ, դարձավ ետ,
Էկավ Գորգիզին ասաց.
— Գո՛րգիզ, իմ ձին քաշի դուրս։
Գորգիզ գնաց ձին բերեց,
Դավիթ հեծավ, տ’էրթար,
Խանթուդ խանում ընկավ էտև,
Լացեց, աղաչեց Դավթին։
Դավիթ ետ չըդառավ։
Խանդութ խանում էնպես գնաց,
Չմուշկներ թողեց, թաթացիկ գնաց.
Թաթեր կտըրտվան, ոտքեր ընկան գետին,
Փշուր մի բոբիկ գնաց.
Ոտքեր ճղճըղվան, վիրավոր էլան,
Արուն-արնջուր լցվավ տակ.
Էնտեղ ինչ ոտ կը դներ, լիք արուն կ’էլներ գետին։

[էջ 270]

Դավիթ վեր ձիուն հա՛ կը գա, հա՛ ականջ կ’անի.
Իրիշկեց մեկ ձեն կը գա, հա՛ կը բոռա.
— Դավի թ, Դավի՛թ, կանգնի,
Կանգնի, չուր ես գամ, հասնեմ.
Իրիշկի էտև՝ իմ հալ տես, նոր գնա։
Դավիթ ձիու վերևեն կը դառնա, կիրիշկի,
Կը տեսնի Խանդութ խանում՝
Բոբիկ էտևեն կը վազի։—
Է՜, էսքան ժամանակ Խանդութ խանում
Բոբիկ ոտ գետին չէր դրե,
Հիմի բոբիկ դաշտի մեջ կը վազի.
Ոտ ամեն էդեր է արուն։
Խանդութ Դավթին ասաց.
— Իմ մեղք մի՛ թալի քո վիզ, դարձի էրթանք.
Դավի՛թ, տնա՛շեն, ի՜նչ շուտ նեղացար։
Դավիթ ասաց.— Ես Սսաունա քո ապով էկա.
Էսքան ճամփա էկա, հասա քո մոտ.
Մեկ անգամ քո էրես պագի.
Ապա էն բռունցքին դու ինձի զարկիր,
Հալբա՛թ կը նեղանամ։
Խանդութ ասաց.— Ուխտ ըլնի՝ քանի հոգի ինձի կա,
Ես քո էտևեն բոբիկ տի գամ։
Դավիթ խղճացավ, դարձավ։
Ինք, Խանդութ էկան տուն։

8

Աջմու Շապուհ արքան էլավ,
Թուղթ գրեց Բապը ֆրենկին,
Ասաց. «Մեկ մարդ Սասունա էկե,
Էդ մարդու անուն էլ Դավիթ կ’ասեն,
Կապուտկողու խորոտ Խանդութ
Զոռովեն կուզի տանի»։
Բապը ֆրենկին կանչեց իր վազիր-վաքիլ, ասաց.
— Շահու թուղթ կարդացեք,
Տեսնենք ի՞նչ է գրած մեջ։
Թուղթ կարդացին, իմացան։
Բապը ֆրենկին էլավ գրեց Դավթին.
«Դա՛վիթ, մենք լսեր ենք՝
Դու շատ զորեղ մարդ մ’ ես.
Կը գաս, արի հետ մեզ կռիվ.

[էջ 271]

Որ չես իգա, զորք կը քաշենք՝
Քո էրկիրը քար ու քանդ կանենք,
Ինչ կա, չկա, լոպկենք տանենք»։

Թուղթ առան, բերին,
Տվին Խանդութի ծառային.
Էն էլ էտու Խանդութին.
Խանդութ կարդաց, ասաց.
— Էդ թուղթ ո՞վ է բերե։
Ծառան ասաց.— Էրկու հատ մարդ։
Խանդութ ասաց.— Տար մեր սենեկ,
Էն էրկու մարդ լավ մի պատվի։
Ծառան էլավ էնպես արեց։
Մնաց, չուր լուս բացվեց,
Խանդութ խանում թուղթ գրեց.
«Մենք քե վնաս մի չենք տվե,
Մենք քո անուն չենք էլ լսե,
Ու քեզի էլ չենք ճանչենա։
Որ դու կը գաս, մենակ մի՛ գա,
Դու չես կարնա Դավթին հաղթի.
Քեզ հետ ուրիշ թագավոր էլ բե,
Թող էն էլ գա, որ քեզ օգնի»։

Խանդութ էն թուղթ ծալեց,
Տվեց ծառային, ասաց.
— Առ էս նամակ, տու էն էրկու մարդուն,
Աղեկ շոր հագցրու, տաս ոսկի էլ հետ,
Էրկու ձի էլ տու, թող հեծնեն էրթան։
Ծառան էլավ էնպես արեց։
Էն երկու մարդ Խանդութին օրհնեցին,
Գլուխ տալով ասին.
«Ոտքով էկանք, ձիով կ’էրթանք»։
Խանդութ Դավթին բան չի ասի՝
Մեջ էն թղթին ինչ կար գրված։
Էն էրկու մարդ թուղթ տարան,
Տվին իրենց թագավորին։
Թագավոր իր վազիր-վաքիլ ժողվեց.
Թուղթ կարդացին, զարմացան, ասին.
— Էդ ի՞նչ զորեղ մարդ է Դավիթ.
Էլեք,— ասին,— խաբար ղրկենք

[էջ 272]

Խանդութի հոր հողի դուշման՝
Էն վեց էրկրի նստողներին։
Էլան էնտեղ խաբար ղրկին...
Մեկ թուղթ էլ ճամփեցին Դավթին, ասին.
«Դավիթ, կո՛ մենք էկանք»։

Թուղթ բերին, տվին Դավթին.
Էն էլ տվեց Խանդութին.
Խանդութ կարդաց, ասաց.
— Էս էրկու Դիր թուդթ կը գա.
Մեկ առաջ, մեկն էլ հիմի։
Բապը ֆրենկի թագավորն է
Էդ թուղթ գրե, ղրկե քեզի.
Հետ քեզ էնիկ կռվել կուզի։
Էն մեկ անգամ թուղթ որ էկավ,
Ես քեզ չ’ասի, ասաց Խանդութ.
Էլա գողտուկ թուղթ գրեցի.
«Թե որ կը գաք՝ էրկսով էկեք.
Դուք չեք կարնա մենակ կռվեք»։
Էնպես գրի, որ վախենա,
Չ’էլնի ու գա հետ քեզ կռիվ։
Համա դու տես, չի՛ վախեցե,
Զորքով, զոռով էլեր էկե, կուզի կռվել...

9

Չուր լուսուն, ինչ աղոթրան բացվավ,
Քանի աստղ էրկինք կար,
Էնքան վրաններ բռնեցին
Բոլոր Խանդութ խանումի հոր քաղքին,
Ամեն Խանդութ խանումի հոր դուշման։
Բապը ֆրենկին
Ժողվեր է իր զորք, էկե
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։

Աջմու Շապուհ արքան
Ժողվեր է իր զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։

[էջ 273]

Չինաստանա թագավոր
Ժողվեր է իր զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։
Սև թագավոր
Ժողվեր է իր զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։

Օղան-Տողան
Ժողվեր են իրենց զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնեն, տանեն։

Հալապա թագավոր
Ժողվեր է իր զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։

Լանդբանդ թագավոր
Ժողվեր է իր զորք, էկե,
Դրե մեջ Խանդութ խանումի հոր հողին,
Որ Խանդութ խանում առնի, տանի։

Էն քառսուն փահլէւաններ մեկ-մեկի ասին.
— Մենք կռիվ չենք էրթա.
Էս յոթ տարի էստեղ նստեր ենք,
Մենք Խանդութի էրես չենք տեսե.
Դավիթ էրեկն էկավ,
ԶԽանդութ տեսավ, հետ էնոր քեֆ արեց.
Թող էն էրթա կռիվ անի։

Լուսուն Խանդութ ասաց.
— Ո՞վ տ’էրթա ձեզնեն կռիվ։
Էն քառսուն փահլևան ասին.
— Ով տ’էրթա մեզնեն կռի՜վ.
Խնձոր ում տվեր ե՛ս՝ էն տ’էրթա կռիվ։
Թե կուզես խաբար մեզ տուր, մենք էրթանք կռիվ։

Դավիթ լսավ էդ խոսքեր, ասաց.
— Էն կռիվ իմ բանն է.
Ես տ’էլնեմ, էրթամ կռիվ։

[էջ 274]

Էլավ, Խանդութի կամքն առավ, ասաց.
— Ես գնացի կռիվ...
Իրեք օր որ լըմընցավ, էկա՝ էկա,
Որ չ’էկա, ես սպանվա.
Գաս, սպանվածներու, մեջեն
Իմ մարմին վերցնես, տաս թաղել։
Իմ նշան էլ ի՞նչ է.—
Խաչ Պատերազմին վեր իմ աջ թևին։
Էն խաչով ինձի կը ճանչենաս,
Իմ մարմին կը բերես, կը հորես։

Դավիթ գնաց, որ ձին քաշի, Խանդութ ասաց.
— Վա՜յ, իմ մտեն գնաց քո ձին քաշեի դուրս:
Ետև Դավթին վազեց, ասաց.
— Դավի՛թ, Դավի՛թ, կանգնի.
Ես գամ քո ձին քաշեմ դուրս։
Դավիթ էնտեղ դադրավ։
Խանդութ մտավ ախոռ՝
Տ’եսավ էն քառսուն ձին էլ
Փախած են վերին քունջ, կծկըված,
Չեն իշխենա դուրս փա՛խնի.
Դավթի ձին մեկ սարի պես մեջ ախոռին կայնե։
Խանդութ ձեռ թալեց ձիու վիզ՝
Տի բռներ, քաշեր դուրս,
Ձին իրիշկեց, չը ճանչեցավ, վիզ չ’էտու.
Գլուխ էնպես թալեց,
Խանդութ էկավ, թռըփալով դիպավ գետին։
— Վա՜խ, Դա՛վիթ,— ասաց,— քո ձին ինձի սպանեց։
Դավիթ մտավ ներս, Խանդութին գրկեց, ասաց.
— Է՜յ ձի, աստված քո շնորհք կտրի.
Ինչի՞, մարդ կնկան կը վարկի.
Դու չը տեսա՞ր՝ կնիկ էր։
Ասաց.— Խանդո՛ւթ, ձեռ տու, քաշի դուրս։
— Միտք ունես ինձի քո ձիով սպանե՞ս։
— Չէ՛,– ասաց,– ձին էլ ձեռ չի տա, քաշի,
Էն գիտեր դու օտար էիր։
Գնաց, ձեռ էտու ձիու գլուխ, քաշեց.
Ձին բան էլ չ’արավ. թամք էդիր վերան:
Դավիթ ինք փորքաշներ կապեց,
Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,

[էջ 275]

«Հի՜» էրավ, թռուց Քուռկիկ Ջալալին,
Զպարիսպ անցավ, հասավ մեջ կռվին։

10

Դավիթ մեկ քարի վրա կայնավ, իրիշկեց՝
Տեսավ, ինչքան ծառ կա անտառ.
Էնքան մարդ էկած մեջ դաշտին.
Էնքան վրան զարկած են էնտեղ, ասաց.
«Էնոնք տի զարթեցնեմ, նոր կռվեմ»։ Ասաց.— Է՜յ,

«Ով քուն եք, արթուն կացեք*,
Ա՜խ, հալա արթուն կացեք.
Ով արթուն եք, ձեր ձիանք թամքեցեք,
Ա՜խ, հալա ձիանք թամքեցեք.
Ով թամքեր եք, էլեք հեծեցեք,
Ա՜խ, հալա էլեք հեծեցեք.
Չասեք՝ Դավիթ գող էկավ, գող գնաց
Ա՜խ, հալա գող գնաց»։

Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին,
Շիտկավ թամքին, կանչեց, ասաց.
«Հիշա Աարութա բարձր Աստվածածին,
Խաչ Պատերազմի՛ն վեր Դավթի աջ թևին.
Աջու էրթա, ձախու գա,
Կտրելով, զորք չը թողա»։
Ասաց, անցավ վրաններու մեջ, զարկեց։

Ինչ որ կարկուտ ընկնի՝
Հասած արտ փչացու, ջարդի,
Էնպես Դավիթ ընկեր է զորքի մեջ,
Շարքով կը ջարդի, կը գա։
Շապուհ արքան, որ Դավթին տեսավ,
Գիլու պես կատղավ, ոռնաց։
Շապուհ արքան զորքին ձենեց.
«Էլե՛ք, պատրաստվե՛ք, ամուր կա քնե՛ք»։
Էլան մեյդան, կռիվ արին։
Դավիթ դարձավ, զարկեց Շապուհին,
Թուր Կեծակով գլուխ կտրեց.

--------------------

* Երգ է:

[էջ 276]

Զորք ահու չըխլվլաց։
Էլավ, գնաց մեկ-մեկ էբեր՝
Օղան-Տողան թագավորներ,
Կտրեց մեկ-մեկ էնոնց վզներ,
Դրեց էնտեղ։

Իրիկուն էկավ մոտ Խանդութին։
Լուսուն էլ մ’ էլ գնաց կռիվ։
Չկարցան հետ Դավթին կռիվ անեն։

11

Դուշմաններ խորհուրդ արին,
Հալապա թագավոր ղրկեցին Սասնա քաղաք՝
Մոտ Ձենով Հովան, ասին.
— Մենք իմացեր ենք`
Սասնա քաղաք շատ կտրիճ փահլևան կա.
Մեկ փահլևան ճամփես,
Էստեղ մարդ մի կա, շատ կտրիճ է,
Գա, էնոր սպանի, էրթա,
Մենք յոթ քաղաք նվեր կը տանք։

Ցռան Վերգոյին մեկ տղա կար,
Անուն էնոր Պարոն Աստղիկ։
Պարոն Աստղիկ հեծավ իր ձին,
Մեջ էրկինք, մեջ գետինք,
Թռավ, գնաց, հասավ կռվուն։
Դավիթ ճանաչեց էնոր։
Իրիկուն էկավ, ասաց.— Խանդո՛ւթ,
Ես չեմ էրթա լուսուն կռիվ։
Խանդութ խանում դարձավ, ասաց.
— Որ դու չե՛ս ամչենա, ե՛ս կ’էրթամ կռիվ։
Դավիթ ասաց.— Դե՛, էրդըվցի,
Որ էրթամ կռիվ, դուրս չ’էլնես,
Դուռ չը բանաս, էրդիս չը բանաս,
Նոր ես կ’էրթամ կռիվ։
Խանդութ խանում ասաց.
— Լավ, ես չեմ էլնի դուրս,
Իմ դուռ կը շինեմ, կը նստեմ էստեղ,
Ինձի համար քարգահ քաշեմ։

[էջ 277]

Լուսուն Դավիթ գնաց կռիվ։
Չուր կեսօրին կռիվ արեց,
Կռիվ արեց հետ Պարոն Աստղկան։
Թրի շառավիղք էզար մեջ էրդիսին։
Խանդութ խանում մեկ էլ տեսավ՝
Լուս մի էկավ իրեն սենեկ.
Ասաց, «Էս ի՞նչ բան է, ես չեմ գիտի.
Ամպ չի, անձրև չի գա,
Գիշեր չի, կայծակ չի տա»։
Խանդութ խանում չը դիմացավ,
Էլավ, պատուհան էբաց, իրիշկեց.
Տեսավ մեկ մի հրեղեն ձին հեծե,
Դավթի գլխու վերև կը ֆրռա.
Հավլունի թուր կը ֆըռացու,
Կրակ կը թափի վեր Դավթի գլխուն։
Խանդութ խանում իմաստուն, կարդացվոր էր.
Գիրք էդիր էնտեղ, գիրք կարդաց.
Տեսավ Դավթի հրողբոր տղան էր,
Ինչ թուր կը շարժեր էնոր գլխուն,
Կրակ կը թափեր վեր Դավթին, կ’էրթար անդունդք։
Դավիթ էնոր բան չէր անի։
Խանդութ խանում երգեց, ասաց.

«Հրողբեր, դու էկիր բարով, հազար բարով*.
Կրակ թափեցիր մեր Դավթի գլխուն,
Կրակ թափեցիր մեր Դավթի գլխուն,
(լա՜) Տուն ավրեցիր Խանդութ խանումին»։

Դավիթ էնոր ձեն առավ, ասաց.
— Վա՜յ, քո կնկան բախտ կտրի.
Ես գիտեի դու չես մնա տուն։
Դավիթ շատ բարկացավ,
Նետ-աղեղ դեմ արավ
Պարոն Աստղկա ձիու փորին,
Ձիու փոր նետով ծակեց,
Պարոն Աստղկան գլխու գագաթ վե դուրս էտու։
Պարոն Աստղիկ ընկավ գետին, ձեն էտու, ասաց.
— Ա՜խ, ես մեր ազգականի զարկերն է ինձի հասավ —
Էն չէր ճանաչի զԴավիթ։
Դավիթ ասաց.— Ես իմ աչքեր կուրցուցի.

------------------------

* Երգ է:

[էջ 278]

Մեր ադաթ էն է, ով մեռնի,
Գլուխ դնի ազգականի ծնկան վերան,
Հոգին տա աստըծուն։
Դավիթ Աստղկան գլուխ էդիր վեր իր ծնկան
Էնոր քռոց ընկավ, հոգին էտու։
Որ Պարոն Աստղիկ հոգին էտու,
Դավթի ուշ գնաց,
Զորքեր էկան, որ էնոր բռնեն։
Քուռկիկ Ջալալին տիրոջ բոլոր կայներ էր,
Չէթող, որ Դավթին բռնեն,
Չուր էնոր ուշ էկավ գլուխ,
Էլավ, ձին հեծավ, ընկավ մեջ զորքին։
Զորք առջև Դավթին փախավ։
Դավիթ կանչեց.— Դու մի՛ փախնեք,
Ձեր թագավորի տեղ ինձի ասեք։
Էնոնք կանգնան, էլ չը փախան։
Մեկ մի դարձավ Դավթին, ասաց.
— Մեր թագավոր Բապը ֆռենկին է,
Էնիկ փախե, գնացե իր քաղաք։
Դավիթ դարձուց ձիու գլուխ՝
Էկավ Բապը ֆռենկու քաղաք,
Մարդ ճամփեց թագավորին, ասաց.
— Թող էլնի գա, իրեն տեսնեմ։
Թագավորն էլավ, էկավ,
Որ տեսավ էնտեղ Դավթին,
Վախեցավ, ուզեց փախչի։
Դավիթ ընկավ ետև,
Բռնեց, էնտեղ գլուխ կտրեց։
Քաղքի մեջ ով մնացեր էր,
Էնոնց համար թագավոր դրեց.
Ջոջ մարդեր սպանեց,
Պստիկներ տեղ դրեց, ասաց.
— Քանի դու ժիր եք, կռիվ միք է՛րթա։
«Օր դու նեղ կ’ընկնեք,
Ինձի՛ թուղթ գրեք, ես կը գամ։
Քաղաք ամեն ասաց.— Դավի՜թ,
Չուր մեռնենք, քո խոսք տ’անենք։
Դավիթ էլավ, էկավ դեհ զորք,
Ասաց.— Դարձեք ձեր քաղաք,
Ձեր թագավոր սպաներ եմ։

[էջ 279]

12

Էն օր իրիկուն Դավիթ չէկավ Խանդութի մոտ։
Խանդութ գիտցավ, որ Դավիթ սպաներ են,
Կսկծուց իր սիրտ վառվավ։
Լուսուն էլավ, մարդանակ շորեր հագավ,
Նիզակ առավ, ձին հեծավ, ասաց.
— Էրթամ Դավթի մարմին ջոկեմ, բերեմ, թաղեմ։

Գնաց, ընկավ մեջ լեշերուն։
Ինչ կը տեսներ, որ մեծ լեշ է,
Նիզակ կը տար, կը հաներ վեր,
Կը տար առջև արեգական,
Ու կ’իրիշկեր՝ խաչ կա՞ թևին։
Մեկ էլ տեսավ՝ էն մեկ կողմեն,
Մեջ լեշերուն մեկ մի էկավ։
Դավիթ պրծեր իր կոտորած,
Մեջ լեշերուն էլեր, կը գար։
Իրիշկեց, տեսավ Խանդութ խանում
Նիզակ կը զարկի մեջ լեշերուն,
Լեշ կը վերցի, թև կ’իրիշկի։
Դավիթ կանչեց.– Է՛յ, ի՞նչ կը փնտռես.
Ում ետևեն տու ման կը գաս,
Իրեք օր կա սպաներ եմ,
Թե մարդ կուզես, ես քեզի մարդ։
Խանդութ աչքեց, աչքեց, ասաց.
«Էսա ձին Դավթի ձին է,
Ամա ինք չը նըմաներ զԴավիթ, էս ո՞վ Է»։
Դարձավ ասաց.— Բերանդ շատ մի՛ ցրվի.
Քենե ավել է, դու էն մարդ սպանէս.
Քսան քե պես, տասն էլ իմ պես
Մատաղ կ’անեմ էնոր էղնգին,
Էնոր սպանած լե՛շն էլ տեսնեմ,
Քենե՛ ավել է ինձ համար։
Դավիթ ասաց.
— Որ էնպես է, մենք տի կռվենք։
Էլան, կռվան.
Թոզ ու դուման զդաշտ բռնեց։
Հող ճղվավ ձիերու ոտքերու տակ։
Շատ կռվան, իրարու չ’աղթեցին.

[էջ 280]

Դավիթ սրտով չէր զարնի,—
Ամա Խանդութ կ’ուզեր սպանի։
Մեկ էլ տեսար՝ իր գուրզ քաշեց,
Արեց որ զարնի Դավթին,
Դավիթ վահան դեմ էտու,
Խանդութ դառավ, որ փախնի,
Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին,
Շիտկավ թամքին, դարձավ, ասաց.
«Հացն ու գինին, տեր կենդանին»,
Քաշեց իր գուրզ, որ զարներ,
Խանդութ էտևանց ծամեր էթող,
Թռավ ձիուց, իջավ գետին։

Էնոր ետևեն Դավիթ թռավ,
Վերուց, գԽանդութ էտու գետին,
Չոքեր զարկեց էնոր սրտին։
Խանդութ խանում ասաց.
— Ամա՜ն, կտրի՛ճ, ինձ մի՛ սպանի, ես կնիկ եմ։
Դավիթ ասաց.— Ես գիտեմ դու կնիկ ես,
Էսիկ էն ավուր փոխ՝
Մի՞տդ է, ինչ դու բռունցքի մ’ զարկիր՝
Արուն-արնջուր էկավ բերնես։
Խանդութ ասաց.— Դավիթ, դո՞ւ ես։
Դավիթ ասաց.— Ես եմ, Խանդութ։
— Որ էդպես է, ինձի թող դու.
Տեսա՞ր, Դավիթ, քառսուն փահլևան,
Յոթ տարի կա էնտեղ նստած.
Զիմ նշան ես տվի քեզի,
Ինչ դու էկար, իջար իմ տուն.
Դավիթ, ինձի թող դու,
Դոր ես քե կնիկ, դու ինձի մարդ։
Դավիթ Խանդութին թող էտու։
Էլան մեկտեղ, էկան դեհ տուն։
Ճամփեն Խանդութ Դավթին ասաց.
— Դավի՛թ, բան մի պատմեմ քեզի,
Էրկու-իրեք տարի կ’ըլնի՝
Ինձի տարան մեկ թագավորի տղի,
Դրին մեկ սենեկի մեջ.
Մարդս էլ էկավ, մտավ էնտեղ.
Հետ իրարու հանաք արինք.

[էջ 281]

Ձեռս թալի որ թև բռնեմ, տեղեն պրծավ
Թագավորի տղա է, ասի,
Չ’էրթա վար-ցանք ինձի համար.
Անթև էլ ինձ բավական է։
Ձեռս թալի էն մեկէլ թև,
Համ մեջք կոտրավ, համ թև պրծավ,
Շունչը փչեց, ընկավ, մեռավ։
Ես նոր իմացա իմ ուժի չափ։
Թագավորն էլ դւսրձավ, ասաց.
«Վա՜խ, էդա հարս մարդասպան է»։
Ինձի նորեն մեր տուն ճամփին։
Էլ մ’էլ էկա իմ հոր տուն.
Ուխտ արեցի, ասի էնտեղ՝
«Ով իմ մեջք գետին դնի՝
Ես էնոր կ’առնեմ»։
Էսօր ես՝ դու կռիվ արինք,
Դու դրեցիր իմ մեջք գետին.
Էստուց ետքը՝ ես քե կնիկ, դու ինձի մարդ,
Ուր կը տանես՝ ա՛ռ ինձի տար։

13

Ինչ հասան տուն, Խանդութ կանչեց ծառաներին.
Էկան Քուռկիկ Ջալալին տարան,
Դավթի արնոտ շորեր լվացին։

Դավիթ ու Խանդութ սեղան նստեցին.
Կերան, խմեցին, էլան քնեցին...

Իրեք օր որ անցավ, Դավիթ քաշեց ձին,
Մեկ ձի էլ Խանդութ բերեց.
Էլան էրկսով հեծան էն ձիեր,
Թև-թևի զարկին, էկան դեհ Սասուն։
Որ էկան հասան Խլաթ՝
Առջև Ձմշկիկ Սուլթանի պատուհան տի անցնեին։
Չմշկիկ Սուլթան զԴավիթ տեսւսվ,
Էկավ էնոր առջև,
Ասաց.— Թըլո՛ր Դավիթ,
Դու ուխտ արիր ինձի առնեիր.
Մենք մատնիքներ իրարու հետ փոխեցինք,
Դու ինձի թողիր, գնացիր Խանդութին բերիր.

[էջ 282]

Ինչի՞, ես խորոտ չէ՞ի,
Դու ինձի չը հավնար,
Գնացիր էնոր բերիր։
Տի գաս, ես դու կռիվ անենք.
Կամ ես քեզի տի սպանեմ,
Ես էլ, Խանդութ խանումն էլ մնանք որբևարի.
Կամ դու ինձի սպանես,
Նոր էրթաս Խանդութ խանումի ծոց պառկես։
Դավիթ ասաց.— Չմշկիկ Սուլթան,
Խնդիրք կ’անեմ քո մոտեն.
Կնիկարմատ կա հետ ինձի.
Թող ես էրթամ իմ տուն,
Յոթ օր որ լրանա,
Ես կը գամ, կռիվ անենք։
Չմշկիկ Սուլթան ասաց.
— Դե՛, էրդըվցի՝ Մարութա բարձր Աստվածածին,
Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին,
Ինչ յոթ օր լրանա,
Գաս հետ ինձ կռիվ,—
Որ թողնեմ դու էրթաս։
Դավիթ ասաց.— Մարութա բարձր Աստվածածին
Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին,
Ինչ յոթ օր լրանա,
Ես կը գամ, կռիվ անենք։
Ասաց, առավ զԽանդութ խանում, էկավ դեհ Սասուն:
Որ էկան, հասան տուն,
Բերեցին յոթ ձեռք գուսան,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Դավիթ ու Խանդութ պսակեցին...
Ուտել, խմել, մեծ ու պստիկ ուրախացան...
Ինչ Դավիթ Խանդութ խանումի ծոց պառկավ,
Խաչ Պատերազմին, որ էրդում էր արե,
Մոռացավ:

 [էջ 283]

ԴԱՎԹԻ ՄԱՀԸ

1

Ավուր մեկ Դավիթ ասաց.— Խա՛նդութ,
Էն, ինչ ես քեզի բերի՝
Էն քառսուն փահլևանի մեղաց տակ ընկա.
Իմ խիղճ չի տանի՝ քեզի էնոնց ձեռքեն խլեցի։
Ես լսեր եմ՝ Գյուրջիստան խորոտ աղջիկներ շատ կան,
Տ’էրթամ, գըտնեմ էն քառսուն փահլևաններ,
Քառսուն ազապ աղջիկ պսակեմ վեր էդոնց,
Ո՛ր աղջիկ իրենց քեֆ կ’ուզի,
Նոր դառնամ, գամ Սասուն։
Խանդութ խանում ասաց.
— Դա՛վիթ, դու իմ մեղաց տակ մտար,
Ինձի հորե, մորե հանեցիր,
Ինձի բերիր, էս քաղաք դրիր,
Կը թողնես ինձի, էրթա՞ս։
Որ քեզի տղա մ’էլավ, ես ի՞նչպես տ’անեմ։
Դավիթ ասաց.— Խանդութ խանում,
Որ ինձի տղա էլավ,
Անուն կը դնես Մհեր.
Իմ հոր անուն գետին չը մնա։
Հանեց մեկ ոսկի բազբանդ էտու,
Անգին քարերն էլ մեջ։
Ասաց.— Թե տղա էլավ,
Կը կապես էնոր աջ թևին.

[էջ 284]

Թե որ աղջիկ էլավ,
Ասաց,— Կըտաս իրեն բաժինք։
Ես որ շատ ուշացա, զՄհեր ճամփի, թող գա,
Բազբանդ տեսնեմ, կը ճանչենամ։

Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Ընկավ ճամփա, քշեց գնաց։
Էն քառսուն փահլևաններ,
Քառսուն էրկիր մեկ–մեկ գտավ,
Տարավ էնոնց դեհ Գյուրջիստան։
Գնացին, գնացին հասան Գյուրջու քաղաք։
Քառսուն փահլևանին աղջիկ գտավ։
Դավիթ էնտեղեն դարձավ գնաց Ադրբեջան։
Իրիշկեց, տեսավ, որ մեկ աղջիկ կա էդա տեղ
Էն աղջկան պես էլ աղջիկ խորոտ չկա։
Ասաց.— Տանեմ Խանդութ խանումին խըդամ։
Էդ մեկ աղջիկ էլ վերուց
Ասաց.
— Ամեն մարդ իրեն աստված,
Էրթա իրեն էրկիր,
Ես էլ կ’էրթամ դեհ Սասուն։
Փահլևաններ առան իրենց աղջիկներ,
Գլուխ տվին, ասին.
— Շնորհակալ ենք քենե, Դա՛վիթ,
Որ հասուցիր մեր մուրազին։
Կաց-բարև արին, գնացին։
Դավիթն էլ առավ էն մեկ աղջիկ,
Էդի ձիու գավակ, էկավ։
Մենք խաբար տանք Խանդութի մոտեն։։

2

Դավիթ որ գնաց Գյուրջիստան,
Վաչոն մարդ Ճամփեց Խանդութի ետև,
Առավ, էկավ Կապուտկող։
Խանդութ էն ժամանակ էրեխով էր.
Որ էկավ իր հոր տուն,
Պառկավ, տղա մի բերեց։
Վաչոն ասաց Խանդութին.
— Թե որ էդ տղան Դավթի տղան է,

[էջ 285]

Էնոր մոտեն նշան մի, զորություն մի տ’էլնի։
Էլան զտղեն բարուրեցին,
Գութնի շղթաներ բնդի տեղ փաթթեցին վեր էնոր.
Տղան էր՝ ինչ էլաց ու ճմլտկաց մեջ ճղորիս,
Էն շղթաներ կտոր-կտոր էղան։
Դե՜հ, Դավթից ու Խանդութից
Մանդր տղա հո՛ չ’ըլներ...
Տեսան որ՝ Ազնանցորդի՛ է։
Համա տղան, որ կը լողկըցուցեն,
Տեսան՝ մեկ ձեռք խուփ է։
Ինչ ճար արին-չարին,
Տղի ձեռք չը բացվավ,
Քաղաք քաղքով չեն կա՛րնա էնոր ձեռք բանա.
Վաչոն էլավ իրեն ահուն,
Նամա՛կ գրեց Դավթի քեռուն.
«Թո՛րոս, աչքդ լուս ըլնի.
Դավթին տղա մի էղեր է,
Մենակ մի ձեռք խեղ է»։
Թորոս որ էդ նամակ կարդըցավ,
Էլավ, հեծավ Վեցոտնեն Լազգին,
Էկավ, հասավ Կապուտկող.
Էկավ Վաչոյի տուն, ասաց.
— Հըլա տղի բարուր տվեք,
Աչքեմ իմա՞լ տղա է։
Թորոս առավ ըզտղան, տեսավ.
Զմանուկի ձեռք մաժեց, մատներ բացվան.
Տեսավ, կաթ մի արուն ձեռքի մեջ.
Ասաց.– Հա՜յ, հա՜յ, թե քար էսօր մուտ տա, մուտ տա,
Հող չի կարնա պահի.
Զաշխարք արեր է կաթ մի արուն,
Դրեր է մեջ ձեռքին։
Թե որ էդի մնաց,
Էդոր մոտեն զարմանալի բան տ’էլնի։
Մնաց էրկու-իրեք օր,
Խանդութ տղան էտու կնքել,
Անուն էդիր Մհեր։

Ինչ խալխի տղեք տարով կը ջոջանային,
Մհեր օրով կը ջոջանար,
Ինչ ամսով, Մհեր՝ ժամով։

[էջ 286]

Մնաց ժուկ մ’ ու ժամանակ մի՝
Քեռի Թորոս էլավ, առավ զՄհեր,
Առավ զԽանդութ խանում,
Էկան, էլան Սասուն։

Տարին որ թամամավ,
Մհեր էլավ, գնաց մեջ քաղքին ման կը գար։
Ջոջ գետ մի Սասնու քաղքի առջևեն կ’էրթար.
Մհեր վեց էլից՝ կամուրջ կապեց վեր էն գետին
Որ մարդիկ կ’էրթային՝
Վեր կամրջին ինի կ’էրթային։
Մհեր կ’էրթար, մարդեր կը տփեր, կ’ասեր.
— Շա՛ն որդիք, ես կամուրջ կապեր եմ,
Ձե՞զ համար եմ կապե.
Ինչի՞ վեր իմ կամրջին կ’էրթաք։
Մարդիկ կը դառնային, գային,
Զարկեին, ջրով անցնեին։
Մհեր կ’էրթար, կը տփեր, կ’ասեր.
— Շա՛ն որդիք, ես կամուրջ կապեր եմ,
Ձե՛զ համար եմ կապե,
Դուք ինչի՞ կը տաք ջրին,
Ջուր զձե տանի, մեղք ընկնի իմ վիզ։
Քաղքցիք էկան մոտ Քեռին գանգատ։
Քեռի Թորոս զՄհեր խրատեց։

3

Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։
Մհեր իր մորն ասաց.
— Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է.
Էրեխեք ինձի կ’ասեն՝
Դու հեր չունես, բիճ ես,
Ինձի հեր չկա՞, էրթամ ետև.
Իմ հեր ո՞ւր է գնացե։
Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է.
Գնացե Գյուրջիստան էրկիր,
Քառսուն փահլևաններուն պսակի, գա.
Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,

[էջ 287]

Որ իրեն տղա ըլնի՝ կապեմ թևին,
Ճամփեմ գնա էնոր առջև։
Մհեր ասաց.— Ես տ’էրթամ իմ հոր գտնեմ։
Մերն էլ էբեր ոսկե բազբանդ,
Կապեց Մհերի թևին,
Գյուրջիստանի ճամփան նշանց էտու։

Մհեր գնաց ախոռ, ձի մի հանեց,
Զենքեր առավ, հեծավ, ընկավ ճամփա։

Եկավ մեջ դաշտին, իրիշկեց՝
Տեսավ թուխմորուս մարդ մի,
Խորոտ աղջիկ մի առե ձիու գավակ, կուգա.
Մհեր կանչեց.— Է՜յ, մարդ,
Դու միրուքավոր մեկ մի, էդ ջահել աղջիկ
Քե վայե՞լ է, որ առեր, կը տանես։
Էդ աղջիկ տի տաս ինձի։
Ասաց.– Տղա՛, դու գյադա մի,
Քեզի վայել է, ինձի վայել չէ՞։
Ասաց.– Էնդուց ինձի վայել է,
Ես ազապ, էն ազապ։
Դավիթ արավ, որ անցներ,
Մհեր ձեռ էթալ, ասաց.
— Չե՛մ իտա, տ’առնեմ քո մոտեն։
Էնտեղ Դավթի սիրտ էլավ, ասաց.
— Հա՛յ–հո՜յ, հա՛յ–հո՜յ, իրիշկեցեք.

«Շատ ծովեր եմ մտե*.
Իմ ձիու ճանճեր չեն թացվե.
Հիմիկ մեկ բարակ առու եմ տեսե,
Չի թողնի, որ ես անցնեմ։
Շատ սարեր, քարեր եմ ման էկե.
Իմ առջև դեմ կանգնող չէր էղե,
Մեկ բարակ բատան եմ տեսե,
Շատ եմ մոտեն վախեցե»։

Դավիթ որ պրծավ, Մհեր ասաց.
— Գյուվա բարակ առուն ե՞ս եմ,
Գյուվա բարակ բատան ե՞ս եմ։

------------------------

* Երգ է:

[էջ 288]

Ձիուց վեր էլի, ես դու կպնենք կուշտի։
Դավիթ ձիուց վեր էկավ, ասաց.— Կայնի,
Էս աղջիկ տանեմ էնտեղ,
Նոր ես դու կռվենք։
— էլի տար,— ասաց Մհեր։
Տարավ, աղջիկ էդիր սարի գլուխ,
Ինք դարձավ, էկավ էնտեղ։
Դավիթ, Մհեր մտան կուշտի։
Էնպես զարկվան, կռվան իրարու հետ,
Փոշին էլավ էրկնուց էրես բռնեց,
Քրտինք իջավ գետին ցեխ արեց։
Էնոնց գուրզի զորությունից
Քամին զարկեց Դավթի թաշկինակ տարավ,
Տարավ, թալեց առջև Խանդութի դռան։

Խանդութ խանում էլավ դուրս,
Իրիշկեց, փոշին աշխարք բռներ է։
Տեսավ էնտեղ մեկ թաշկինակ.
Առավ, հոտ արավ, ասաց.
«Ըհը՛, էս Դավթի թաշկինակն է»։
Տեսավ՝ գրգռոց ընկե դաշտ։
Էլավ, ձին հեծավ, քշեց գնաց.
Տեսավ՝ թոզ-դուման կ’էլնի,
Ինչ որ էրկու սար
Կը գան, դիպնեն իրար,
Էնպես էն Դավիթ, Մհեր առած իրար.
Արընի մեջ լող կր տան։
Մարդ չէր կարնա մոտենա։
Խանդութ խանում առավ կանչի, ասաց.

«Դավի՛թ, դու մի՛ զարնի*,
Դավի՛թ, դու մի՛ զարնի,
Մեր նորելուկ մեկ տակ մանուկին»։

Դավիթ ինք չի զարնի,
Համա կուզի իր հոգին փրկի,
Իր ահու կը զարնի Մհերին։
Մհեր դարձավ, ասաց.

------------------------

* Երգ է:

[ներդիր]

Մելիք որ ճանաչեց զԴավիթ, Փչեց որ թռցնի տեղեն

[էջ 289]

— Մա՛րե, դու հոգ մի՛ անի,
Էնոր զարկեր կը նմանի Ծովասարու քամի՝
Որ կը հասնի իմ մազերուն։

Խանդութ խանում դոր ասաց.
«Մհեր, դու մի՛ զարնի*,
Մհեր, դու մի՛ զարնի,
Մեր թուխմորուս Դավթին»։

Մհեր իսկի չը լսավ։
Խանդութ խանում դոր երգեց.

«Սարեր, հըմդաթ էկեք*,
Ձորեր, հըմդաթ էկեք,
Հե՛ր, տղեն մե-մեկից բաժանեք»*։

Սարեր, ձորեր հըմդա՞թ կը գան,
Սարեր, ձորեր հըմդաթ չեն իգա։
Խանդութ խանում կանչեց.

«Օրհնյա՛լ, բարերար աստված*,
Քո հրամանքն էր շատ.
Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ,
Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։

Աստծու հրամանքով Գաբրիել հրեշտակ վար իջավ,
Ձեռ էտու, հեր-տղան ետ կտրեց իրարուց,
Ինչ որ էրկու աքլոր կռվեն, մեկ էրթա, ետ կտրի։

Դավիթ դարձավ, ասաց.
— Ա՛յ տղա, դու ինձի տի սպանեիր,
Իմ կտրիճի ձեռնեն ի՞նչպես տի պրծնեիր։
Ասաց.— Քո կտրիճն ո՞վ է։
Ասաց.— Իմ կտրիճ էն է,
Ինչ ոսկի բազբանդ կո վեր թևին։
Տղան իրիշկեց վեր իր թևին,
Տեսավ՝ ոսկի բազբանդ կապած է.

-----------------------

* Երգ է։

[էջ 290]

Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց.
— Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։
Դավիթ կանչեց, ասաց.
— Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր,
Ինձի ամանչեցրիր,
Կանչեր եմ քաղցրիկ աստված,
Անմահ ըլնիս, անժառանգ։

Ինչ Դավիթ անեծք էտու,
Մհեր ըռըկավ, գնաց Կապուտկող։
Քառսուն ազապ լաճ առավ,
Քառսուն ազապ աղջիկ, նստավ,
Յոթ տարվան նռան գինին դրին, խմեցին։

4

Դավիթ էլավ, առավ էն աղջկան,
Առավ զԽանդութ խանում, էկան տուն։
Ինչ կռիվ արին հետ Մհերին,
Մեջ արընին կարմրցեր էր.
Ասաց.— Խանդութ խանում, ջուր բեր, լվացվեմ։
Դավիթ շորեր էհան, տի լվացվեր,
Կնիկ իրիշկեց՝ էնոր խաչ վեր թևին
Սևցեր էր ածուխի պես,
Էլաց, դժարացավ։
Դավիթ ասաց.— Կնի՛կ,
Ինչի՞ դժարացար, լացիր։
Ասաց.— Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին՝
Սևցեր է, էլեր է սև կուտ։
Ասաց.— Խանդութ խանում,
Էն չէր Մհերի զարկեր կը գար վեր իմ գլխուն,
Էն Խաչ Պատերազմին էր, ինձի կը զարներ։
Կնի՛կ, ես տէրթամ Չմշկիկ Սուլթանի մոտ,
Էրթում արի յոթ օր, գնաց յոթ տարի.
Ես էրթմակոտոր եմ էլե,
Կնի՛կ, ես գնացի...

Ասավ թե չէ, էլավ,
Քուռկիկ Ջալալին հեծավ,
Թուր Կեծակին կապեց, գնաց։

[էջ 291]

Հասավ առջև Չմշկիկ Սուլթանի քոշկին;
Չմշկիկ Սուլթան տեսավ՝
Դավիթ էկավ առջև իրեն սարին, ասաց,
— Դավի՛թ, դու էրդում էիր արե յոթն օր,
Քո էրդում տարար յոթ տարի.
Ես մնացի առանց մարդ,
Քո ճա՛մփան կ’իրիշկեմ։
Ասաց.— Դե՛հ, քո պատրաստություն տես,
Էլնենք մեյդան, կռվե՛նք։
Էն էլ ասաց.— Մեկ ժամ ժամանակ սալ,
Զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ։
Դավիթ կապեց զՔուռկիկ Ջալալին
Վեր Չմշկիկ Սուլթանի դռան, ասաց.
— Ձին էստեղ թող մնա,
Ես էրթամ գետ, լողանամ,
Չուր քո շորեր հագնես, գաս։

Դավիթ շորեր էհան,
Մտավ գետ, մեջ ջրին լողանա։
Էդ ջրի ափ էղեգնուտ էր,
Չուր Չմշկիկ Սուլթան կը գար,
Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ,
Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։
Դավիթ որ լողանալու հետ էր,
Էդ աղջիկ գողտուկ էլավ՝
Թունավոր նետով էզար Դավթին,
Որ էզար մեջքին, ծակեց,
Սրտեն ինի էտու դուրս։
Որ զարկեց՝ Դավիթ բոռաց,
Էնոր մոտեն յոթ գոմշու ձեն էլավ.
Գնաց, հասավ Սասուն.
Քեռի Թորոս լսեց Դավթի ձեն,
Ասաց.— Տղեկնե՛ր, էլեք,
Մեր Դավթին զարկեցին։
Քեռի Թորոս, Զենով Հովան, Ճնճղափորիկ,
Խոր Մանուկ, Խոր Գուսան ժողվին իրար։
Ձենով Հովանն էլ Սասնու բոռաց.
— Դավի՛թ, կո մենք էկանք։
Ու էկան Դավթին օգնության։

[էջ 292]

Էկան, հասան էն ջրի մոտ։
Քեռին հարցուց Դավթին.
— Տղա՛, Դա՛վիթ, քեզի ո՞վ զարկեց։
Ասաց.— Չեմ գիտի ով զարկեց.
Էն էղեգնուտեն մեկ մի էլավ, զարկեց։

Գնացին էղեգնուտի մեջ,
Փնտռեցին, գտան, տեսան՝
Մեկ չինի աչքերով աղջիկ.
Ինչ Դավիթ բոռացեր էր, մեռեր էր ահու։
Էդ աղջիկ Չմշկիկ Սուլթանի աղջիկն էր։
Դավիթ որ իմացավ՝ ասաց.
— Իմ ցեց իմ անձից է,
Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց։
Դավիթ էդ խոսք ասաց,
Ու ինքն էլ էնտեղ մեռավ,—
Արև էտու ձեր որդոց։
Էն մեռավ, ձին էնտեղ ծռավ,
Ծռակապ կտրեց, ընկավ դուրս,
Ինչքան մարդ պատահավ,
Տավար պատահավ, ձի, կտրեց,
Գնաց, կանգնավ առջև Խանդութ խանումի դռան։
Խանդութ խանումն էլ էլավ, իրիշկեց,
Տեսավ՝ ձին էկե, տեր հետ չը կա.
Շուտ մի խաբար արավ,
Թե Դավիթ կորե, չը կա։

5

Քեռի Թորոս ասաց.
— Տղեկնե՛ր, բերեք Դավթին,
Քոթակ կապենք ձիու վերան,
Էլնենք ջրինդ խաղալով էրթանք,
Բալքի Խանդութ չը գիտնա, որ Դավիթ մեռեր է։

Համա Խանդութ էլած տանիք,—
Բարձր էր իրենց տանիք,
Քարերու վրա էր շինած,—
Ամեն կողմ կ’իրիշկեր, տեսներ՝
Դավիթ ո՞ղջ կը գա, թե՝ մեռած։

[էջ 293]

Խանդութ իրիշկեց, տեսավ, որ
Ջրինդ խաղալով կը գան էդոնք։
Դավիթ հեծեր է մեկ ուրիշ ձի,
Իսկի չի խլվլա իր տեղեն։
Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է.
Ասաց.

«Որ աժեց, էկավ*,
Որ չ’աժեց, էկավ,
Իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ»։

Էն քոփակ Ցռան Վերգոն
Էնտեղ տանքի վերան կայնած էր.
Առաջ էկավ՝ վերցուց, ասաց,
— Դավիթ մեռավ առանց կռիվ,
Էն մեռավ, ես քեզի անուշ.
Կը պակսի քե կտրիճ Դավիթ,
Չի պակսի պարոն էրիկ։
Խանդութ դարձավ ասաց.
— Ըստուց ետև արև-լուս ինձի հարամ ըլնի,
Ետև Դավթին ես աշխարք չեմ մնա։

Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ
Ու էնտեղեն իրեն թալեց.
Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս։
Էն փոսի մեջ՝ Սասունա կես շնիկ կորեկ
Կը լցնեն ու կը ծեծեն սանդի տեղ։
Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու ադբուր կը թալի։
Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կ’էրևա,
Քանց յոթ սուն կը սևկըտի։
Ու հիմի էլ սանդ էնտեղ է, բերդի առաջ։

Էկան տեսան, որ Խանդութ խանում ընկե մեռե։
Մեկ դարդն էղեր է էրկու։
Քեռի Թորոս հարցուց.
— Էդ ո՞վ ասաց։
Ասին, թե. — Վերգոն էր։
Ասաց — Քոփա՛կ, ինչի՞ չը համբերիր՝ չուր գայինք։

-------------------

* Երգ է:

[էջ 294]

Բերին, էրկուսին էլ պատանքեցին,
Էլան էրկսի նաշն էլ կապեցին իրարու,
Քառսուն տերտերով, քառսուն վարդապետով,
Քառսուն էլ սարկավագով,
Քաղքի ժողովուրդն էլ բոլորը հետ.
Լալով, գոռալով, ժամով-պատարագով,
Տարան էրկուս մեկտեղ Ծովասար,
Մարութա վանք թաղեցին,
Յոթն օր սուգ կապեցին։
Էնոնք մեռան, աստված օղորմի իրենց հոգուն,

Դո՛ւք, ձեր անուշ ջան սաղ ըլնի։

 



 

 


Բովանդակություն   |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա  / Բ
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը


Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved